2019թ.-ի հոկտեմբերի 24-ին ամփոփվեց «Լինենք Բարերար» բարեգործական կազմակերպության և «Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագրի հետ համատեղ իրականացված սոցիալական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվեց դրամահավաք Կոտայքի մարզի Ակունք գյուղում հունիսի 9-ին գազի բալոնի արտահոսքի և պայթյունի հետևանքով անտուն մնացած Խաչատուր Զալիկի Գեղամյանի ընտանիքին օգնելու նպատակով։ Ծայրահեղ ծանր պայմաններում հայտնված և առանց տանիքի մնացած ընտանիքը դիմել էր մեզ խնդրանքով՝ տրամադրել ֆինանսական աջակցություն կատարելու գազի պայթյունի արդյունքում փլուզված տան վերականգնողական աշխատանքներ և հանձնելու այն սեփականատիրոջը։
Խաչատուր Գեղամյանը Արցախյան պատերազմի ազատամարտիկ է, ունի լուրջ առողջական խնդիրներ և չի աշխատում, նրա խնամքի ներքո են գտնվում երեք անչափահաս երեխա. ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, չունի սեփական բնակության վայր և այդ փլուզված տանը բնակվում էին վարձակալական հիմունքներով։
«Լինենք Բարերար» կազմակերպության ներկայացուցիչներն այցելեցին Խաչատուր Գեղամյանի ընտանիքին, տեղում ծանոթացան իրավիճակին, որից հետո որոշվեց կազմակերպել դրամահավաք օգնություն ցուցաբերելու նպատակով։
Աջակցության պատրաստակամություն հայտնեցին ARSWISSBANK, IDBank, ALFA-PHARM ընկերությունները, ինչպես նաև անհատներ, որոնց հանգանակության արդյունքում հավաքագրված գումարից «Լինենք Բարերար» կազմակերպությունը 400.000 ՀՀ դրամ փոխանցեց Խաչատուր Զալիկի Գեղամյանի ընտանիքին։
Մեր բարերարների շնորհիվ հաջողվեց օգնել դժբախտ պատահարի հետևանքով տուժած այս ընտանիքին և էական ներդրում ունենալ փլուզված տան վերականգնողական աշխատանքներում։
Comments are closed.