Պատերազմի մասնակից զույգ եղբայրների դժբախտությունների շարանը կարծես թե չի ավարտվում
Մեկ ընտանիքում կա զոհ, անհայտ կորած ու երկարատև բուժման կարիք ունեցող վիրավոր:
Լուսանկարներում Ստեփան եւ Ջիվան Միքայելյաններն են: 19-ամյա տղաները զույգ եղբայրներ են: Նրանց կյանքում դժվարություններն սկսվել են մանկուց: 7 տարեկանում ավտովթարից մահացել է նրանց հայրը, 2 տարի առաջ էլ քաղցկեղը տղաներից խլել է մոր կյանքը:
Եղբայրներն ապրել են մայրական կողմի պապիկի և մորեղբոր խնամակալությամբ:
Ընդամենը 2,5 ամսվա զինծառայողներ էին, երբ սկսվեց պատերազմը: Զույգ եղբայրների խնամակալ համարվող 33-ամյա Դավիթ Մանուկյանը հրետանու արկից զոհվում է հոկտեմբերի 22-ին: Մինչ այդ` հոկտեմբերի 14-ին թշնամու կողմից խոցված զրահամեքենայի պայթյունի հետևանքով Ստեփանը ստանում է գլխի, մեջքի, ոտքերի ու կրծքավանդակի բեկորային լուրջ վնասվածքներ, ունի երկկողմանի լսողության կորուստ, որի կարգավորման նպատակով առաջիկայում ևս 2 վիրահատություն է նախատեսված:
Զույգ եղբորը՝ Ջիվանին փնտրում են մինչ այսօր. ոչ մի հուսադրող պատասխան դեռևս չեն ստացել: Ջիվանին ողջ-առողջ գտնելը ընտանիքում գրեթե անհնար են համարում, բայց Ստեփանը դեռ ուզում է հավատալ հրաշքների:
Արարատի Մարզի Վեդի քաղաքի մի կիսակառույց հարկի տակ է ապրում այս ընտանիքը: Եղբայրներն իրենց սեփական տունը չունեն: Մինչեւ մոր մահը ապրել են վարձով։ Հիմա նույնպես մայրական կողմի տատիկ-պապիկի տանն է Ստեփանը: Նույն հարկի տակ են նաև զոհված քեռու 3 փոքր երեխաներն ու մորեղբոր այրիացած կինը: Այս ընտանիքից 63-ամյա պապիկն էր արտագնա աշխատանքի գնում ամեն տարի: Հիմա որդու կորստից ու թոռան հետ կապված անորոշությունից դեռ ուշքի չի գալիս: Այս պահին ընտանիքում աշխատող չկա։
Այս ընտանիքի սոցիալական բեռը որոշ չափով թեթևացնելու նպատակով «Լինենք Բարերար» բարեգործական ընկերությունը Բելգիայի Օսթենդ քաղաքի Հայերի միության հետ համատեղ նախաձեռնել է աջակցության ծրագիր:
Ովքեր կցանկանան միանալ աջակցության նախաձեռնությանը, կարող են փոխանցել Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ 220473350043000 կամ նվիրաբերել ցանկացած գումար մեր կայքէջի վճարային համակարգով ՝ պարզապես լրացնելով դաշտերը, մուտքագրելով տվյալներն ու սեղմելով նվիրաբերել կոճակը։